Անցանց, առցանց, թե՞ ցանցային
Պատասխանելով այն հարցին, թե. «Ո՞րն է ավելի արդյունավետ. անցանց (offline),թե՞ առցանց (online) դասավանդումը», կարող եմ ասել. «Ցանցայինը»։ Ի՞նչ ի նկատի ունեմ։
«Յոթ» համակարգի երեք սկզբունքները վերաբերում են մինչանձնային փոխհարաբերություններին, որոնցից էլ անմիջականորեն կախված են հաջողությունն ու բարձր արդյունավետությունը բոլոր բնագավառներում, այդ թվում նաև լեզուների ուսուցման հարցում։ Այդ յոթ սկզբունքների մասին կարող ես կարդալ Սթիվեն Ռ. Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում։ Կա այդ գրքի նաև հայերեն թարգմանությամբ տարբերակը։
Վերոնշյալ երեք սկզբունքները (սովորույթները, հատկանիշները՝ ինչպես կուզես անվանիր) հետևյալն են.
- Ունեցիր «հաղթանակ-հաղթանակ» մտածելակերպ,
- Նախ ձգտիր հասկանալ, այնուհետև՝ հասկացվել,
- Ստեղծիր սիներգիա. ձգտիր համագործակցության։
Հետևելով այս սկզբունքներին, բարձր արդյունավետությունն ապահովվում է ցանցում, խմբում համատեղ համագործակցելու արդյունքում։ Դա է պատճառը, որ մենք չենք խրախուսում անհատական պարապմունքները, քանի որ դրանք անարդյունավետ են շատ առումներով։ Այս երկընտրանքին (անհատական, թե՞ խմբային) ավելի ուշ կանդրադառնամ այլ առիթով։
«Ցանցային» տարբերակի դեպքում հաշվի է առնվում համագործակցության հանգամանքը, անկախ նրանից գործունեությունը անցանց, թե առցանց է իրականացվում։ Կարևորը համագործակցելը և համատեղ գործելն է։ «Սիներգիա» բառն արդեն հուշում է այդ գաղափարը։ Հունարենσυνεργία բառը թարգմանվում է համագործակցություն, օգնություն, աջակցություն, օժանդակություն։ σύν - միասին + ἔργον - գործ, աշխատանք, ազդեցություն։ Այսինքն երկու կամ ավելի գործոնների փոխազդեցության ամրապնդող ազդեցությունը բնութագրվում է նրանով, որ այդ գործոնների համակցված ազդեցությունը զգալիորեն գերազանցում է այս գործոններից յուրաքանչյուրի գործողությունների պարզ գումարը։ Այլ խոսքերով. 1+1 հավասար է ոչ թե 2-ի, այլ 3-ի, 10-ի, 100-ի…
Այսօր շատ է տարածված նեթվորքինգ (networking) գաղափարը՝ ցանցի հյուսումը (net - ցանց + work - աշխատել)։ Դա սոցիալական և մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է կյանքի բարդ խնդիրների հնարավորինս արագ և արդյունավետ լուծմանը՝ որոշակի ոլորտում աշխատող կամ կապեր ունեցող ընկերների և ծանոթների շրջանակի օգնությամբ:
Իսկ հիմա պարզապես նշեմ, որ արագացված մեթոդներով լեզուների դասավանդման թե անցանց, թե առցանց դասընթացները հավասարապես արդյունավետ են և միատեսակ բարձր արդյունք են տալիս։ Պարզապես նախընտրությունների, հնարավորությունների և ճաշակի հարց է, թե որ տարբերակն ընտրել։
Քանի որ այս պահին հարցն ավելի շատ անցանց, թե՞ առցանց դաշտում է, ապա ասեմ, որ արդյունքի տեսակետից տարբերություն չկա, սակայն առցանցը ունի մի շարք առավելություններ գործնական տեսակետից։ Ահա դրանք.
- Ճանապարհի վրա ծախսվող ժամանակի տնտեսում,
- Ճանապարհածախսի տնտեսում,
- Մասնակցություն ցանկացած վայրից,
- Մասնակցություն ձեզ հարմար ժամի,
- Լուսապատկերների (սլայդների) օգտագործում,
- Տեսաձայնագրության հնարավորություն,
- Ռեսուրսների անմիջական ստացում։
Ավելի մանրամասն դրանց ծանոթացեք տեսանյութի միջոցով։