Առասպել 5. Մոտիվացիա
Առասպել 5. Մոտիվացիան լուծում է լեզու սովորելու հարցը։
Ճշմարտություն 5. Մոտիվացիան կարող է նպաստել լեզու սովորելուն։
Հնարավո՞ր է օտար լեզու սովորել առանց մոտիվացիա ունենալու։ Այո, իհարկե։ Չեմ կարծում, որ երեխաները փոքր հասակում լեզուն սովորելու որևէ մոտիվացիա ունեն, բայց, միևնույնն է, սովորում են։ Տվյալ լեզվի կրողների միջավայրում ապրող մարդիկ նույնպես սովորում են լեզուն առանց ընդգծված դրդում ունենենալու։
Մյուս կողմից. եթե մարդը մոտիվացված է, դա դեռ չի նշանակում, որ նա կսովորի լեզուն։ Մարդուն բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկում, եթե նա կարճ ժամկետում տիրապետի համապատասխան լեզվին, սակայն այդ մոտիվացիան, չգիտես ինչու, չի օգնում, որ նա սովորի լեզուն։ Գուցե մոտիվացիան հաճախ անհրաժեշտ է, բայց ոչ՝ բավարար։ Շատ այդպիսի մոտիվացված ուսանողներ ենք ունեցել, որ որոշ ժամանակ «պատեպատ դիպչելով» և ելքը չգտնելուց հետո դիմել են մեզ և իրենց խնդիրը լուծել են մեր օգնությամբ։ Մոտիվացիայից բացի կան նաև այլ գործոններ, որ վճռական դեր են խաղում լեզուն յուրացնելիս։
Մոտիվացիան (դրդում, խթանում, շարժում, ազդակ, շարժառիթ) լավ բան է։ Եթե այն չկա, ես չեմ սովորի ճապոներենը, թեկուզ այն հնարավոր լինի երկու օրում յուրացնել։ Ես դա չեմ անի, եթե այն ինձ պետք չի։ Նաև դա է պատճառը, որ որոշ մարդիկ չեն գալիս մեզ մոտ սովորելու։ Պարզապես մոտիվացիա չունեն։ Եթե կա մոտիվացիա, ապա պետք է այն լիարժեքորեն օգտագործել։ Ի՞նչը կարող է շարժառիթ հանդիսանալ, որ ես, օրինակ, անգլերեն լեզուն սովորեմ։ Դրանք կարող են շատ լինել. անգլախոս մարդու հետ շփվել կարողանալու հաճույքը, ազատ ճանապարհորդելու հնարավորությունը, գործարարության մեջ հաջողության հասնելը, գիրքը բնագրով կարդալու հնարավորությունը, ուղեղի զարգացումը և այլն։
Ի դեպ, ուղեղի զարգացման հետ կապված։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարեց հասակում նոր լեզու սովորելը ուղեղը թարմ է պահում և նպաստում է, որ այն «չչորանա»։ Լեզու սովորելը ուղեղը մարզելու լավագույն միջոցներից մեկն է։ Հիշեցնեմ, որ մեր դասընթացներին մասնակցող տարեց մարդիկ ավելի լավ են սովորում, քան երիտասարդները կամ առավել ևս, երեխաները։ Դա հաշվի առնելով մեզ մոտ վերևից տարիքի սահմանափակում չկա դասընթացներին մասնակցելու համար։