
Առասպել 7. Ուսուցիչը
Առասպել 7. Օտար լեզու սովորելու համար պարտադիր է ունենալ «լավ ուսուցիչ»։
Ճշմարտություն 7. Ուսուցիչը չի կարող մեզ օտար լեզու սովորեցնել։
Սա առաջին հայացքից սադրիչ է հնչում, բայց իրականում՝ խորապես ազատագրող ճշմարտություն է։ Ոչ ոք չի կարող լեզուն «լցնել» մեր գլխի մեջ։ Լեզուն չի փոխանցվում, ինչպես ֆայլը՝ որևէ սարքի միջոցով։ Լեզուն սովորում ենք մենք ինքներս՝ փորձելով, սխալվելով, կրկնելով, մտածելով ու խոսելով։ Ուսուցիչը այդ գործընթացի հեղինակը չէ, այլ՝ ուղեկիցը։
Ուսուցիչը կարող է առաջնորդել, ուղղորդել, քաջալերել, բայց սովորելու իրական աշխատանքը միշտ մնում է սովորողի վրա։ Սա կարևոր սահմանագիծ է, որը հաճախ մթագնում է «լավ ուսուցիչ փնտրելու» մոլուցքի մեջ։
Պատահական չէ, որ Նիկոլայ Զամյատկինի հայտնի գիրքը հենց այդպես էլ կոչվում է՝ «Ձեզ անհնար է օտար լեզու սովորեցնել» (Николай Замяткин, Вас невозможно научить иностранному языку)։

Այդ դեպքում ինչպիսի՞ ուսուցիչ է պետք
Եթե հարցը ճիշտ ձևակերպենք, պատասխանը նույնպես պարզ կդառնա։ Ուսուցչից պետք չէ պահանջել անհնարինը՝ «ինձ լեզու սովորեցրու»։ Պետք է պահանջել, որ նա լինի լավ coach։
Անգլերեն coach բառը պատահական ընտրություն չէ։ Այն միաժամանակ նշանակում է մարզիչ, հրահանգիչ, կրկնուսույց, անգամ՝ ավտոբուս։ Այս բոլոր իմաստները շատ ճշգրիտ են նկարագրում ուսուցչի իրական դերը։
Ուսուցիչը այն մարդն է, ով օգնում է սովորողին տեղափոխվել Ա կետից Բ կետը։ Ոչ թե իր փոխարեն անցնել ճանապարհը, այլ ցույց տալ ուղղությունը, պահել ընթացքը, զգուշացնել փոսերի մասին և անհրաժեշտ պահին կանգ առնել։ Ինչպես վարորդը չի քայլում քո փոխարեն, այնպես էլ ուսուցիչը չի սովորում քո փոխարեն։
«Ուսուցիչ» բառի սահմանափակությունը
Այս պատճառով «ուսուցիչ» բառը երբեմն ավելի շատ խանգարում է, քան օգնում։ Այն ենթագիտակցորեն ստեղծում է սխալ սպասում՝ իբր գոյություն ունի մեկը, ով պիտի քեզ սովորեցնի։ Իրականում նույն գործառույթը կարող են կատարել տարբեր բառերով նկարագրվող դերակատարներ՝
* մարզիչը,
* դասընթացավարը,
* խմբավարը,
* ուղեկցողը,
* մենթորը։
Բոլորն էլ տարբեր անուններով, բայց նույն էությամբ՝ ուսուցման գործընթացի կազմակերպիչներ։

«Յոթ» համակարգի դասընթացավարի իրական պահանջները
Եթե խոսում ենք «Յոթ» համակարգով դասավանդող դասընթացավարի մասին, ապա պահանջները չափազանց պարզ են և միաժամանակ խիստ։ Նա պետք է ունենա ընդամենը երկու իրական հմտություն։
1. Լավ իմանա դասավանդվողլ եզուն
Ոչ միայն քերականական կանոնները, այլ լեզվի կենդանի տրամաբանությունը, մտածողության ձևը, գործածական շերտերը։
2. Լավ տիրապետի դասավանդման մեթոդներին
Իմանա՝ ինչպես է մարդը սովորում, ինչ հերթականությամբ, ինչ սխալներով, ինչ հոգեբանական խոչընդոտներով։
Սրանցից դուրս ամեն ինչ երկրորդական է։ Շոու, գեղեցիկ խոսք, ինքնագովազդ, «հրաշք մեթոդներ»՝ այս ամենը կարող է հաճելի լինել, բայց պարտադիր չէ, որ արդյունավետ լինի։ Մնացածը, ինչպես ասում են, լիրիկա է։
Եզրափակում
Լավ ուսուցիչը նա չէ, ով ասում է․ «Ես քեզ անգլերեն կսովորեցնեմ»։
Լավ ուսուցիչը նա է, ով օգնում է ասել․ «Ես սովորում եմ, և ես կարող եմ»։
Երբ այս դերաբաշխումը հստակ է, սովորելը դառնում է ոչ թե կախվածություն ուսուցչից, այլ՝ ճանապարհ, որի վրա ուսուցիչը պարզապես ճիշտ պահին քո կողքին է։

Հեղ.՝ Պավել Սարգսյան
Հրապարակվել է ՝ 14 Դեկ 2025